Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող Հովհաննես Թումանյանի թանգարանի` «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության եւ բարբառի փառատոնի ծրագիրը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում հայտարարած 2013 թ. «Լավագույն փորձ» (Best Practice AWARD) մրցույթում:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հայտերի ուսումնասիրումը տեղի է ունեցել 2013 թ. մայիսին, որի արդյունքում «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության եւ բարբառի փառատոնը  մրցութային ժյուրիի որոշմամբ ընդգրկվել է «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում: Հաղթող ճանաչված ծրագրերը կհրատարակվեն ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի 2013 թ. տարեգրքում: Մրցանակները կհանձնվեն 2013 թ. օգոստոսի 11-17-ը Բրազիլիայում կայանալիք ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ընթացքում:

«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության եւ բարբառի փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն՝ իբրեւ բանահյուսական նյութի մատուցման կարեւորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացմանը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական կարողությունները: Փառատոնը նպաստում է նաեւ հայերենի այն բարբառների կիրառմանը, որոնք այսօր  չունեն աշխարհագրական հայրենիք /Արեւմտյան Հայաստանի եւ Նախիջեւանի բարբառները/: Ծրագրին մասնակցում են նաեւ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններն ու սփյուռքի հայկական գաղթօջախների ներկայացուցիչները: