Գորիսի զինվորական կոմիսար, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը հերքում է իրեն` Սյունիքի մարզպետ նշանակելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ իր հետ ընդհանրապես նման խոսակցություն չի եղել.«Ես նման բան չեմ իմանում»,-նշեց նա:

Հարցին, թե եթե նման առաջարկ լինի, կհամաձայնեք թողնել զինվորականի գործը եւ զբաղեցնել մարզպետին պաշտոնը, Մելիքսեթ Պողոսյանը նկատեց. «Ես զինվորական եմ, ինչ գործ ունեմ էդ գործերի հետ, եթե զինվորական առաջխաղացում լինի, կգնամ, բայց ճիշտն ասած ավելի քան 20 տարի իմ կյանքը կապել եմ զինվորական գործի հետ: Ես` որպես զինվորական, ինչ հրաման տան, կկատարեմ, բայց ես ինձ տեսնում եմ զինվորական գործի մեջ»,- ասաց Մելիքսեթ Պողոսյանը:

Նա չցանկացավ անդրադառնալ Գորիսի արյունալի դեպքերին` ասելով, որ զինվորական է, չի ուզում խառնվել: Հարցին, թե ճանաչո՞ւմ եք Բուդաղյաններին եւ Խաչատրյաններին, Գորիսի զինկոմն ասաց, որ «բոլորին էլ ճանաչում է, բոլորի մասին էլ լավ կարծիքի է»: Դիտարկմանը, թե մարզպետի մասին էլ եք լավ կարծիքի՞, նա նշեց. «Իհարկե, մեր մարտական ընկերն է», ապա հավելեց, որ «սովորական մարդ ենք էլի, մեզ մի խառենք էդ գործերի մեջ»:

Նշենք, որ «ՉԻ-ն» գրել էր, թե Գորիսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո հրաժարականի դիմում  ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որից հետո մարզպետի պարտականությունները դրվեցին մարզպետի տեղակալի՝ Արա Դոլունցի վրա։

«Վերջինս այս պահին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է, եւ արդեն այս իրողությունը զանազան խոսակցությունների առթի է հանդիսացել թե սյունեցիների, թե առհասարակ քաղաքական-հասարակական շրջանակների համար։

Ի դեպ, իշխանական շրջանակում կա հատված, որն ակտիվորեն աշխատում է Դոլունցի նշանակման դեմ՝ որպես փաստարկ ներկայացնելով «Լիսկայի մարդ» լինելու հանգամանքը։  «ՉԻ» տեղեկություններով՝ որպես ապագա մարզպետ շրջանառվում է նաեւ գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի՝ Մելոյի թեկնածությունը։

Վերջինս Սերժ Սարգսյանի հայրենակիցն է, Մելոն ծնվել է Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ 1988թ.-ից Մելոն մասնակցել է Արցախյան շարժմանը, ապա պատերզմի տարիներին գլխավորել է «Մելիք Բարխուդար» կամավորական ջոկատների միավորումը։ Այնուհետեւ վերջինս բավական երկար ժամանակ եղել է բրիգադի հրամանատար, իսկ 2007թ.-ից զբաղեցնում է Գորիսի զինվորական կոմիսարի պաշտոնը։ Նա եւս պարգեւատրվել է Առաջին աստիճանի մարտական խաչ շքանշանով»,- գրել է «Չորրորդ ինքնիշխանությունը»