ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը չի ցանկանում մեկնաբանել այդ հաննձաժողովից ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դուրս գալու մասին լուրը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ երբ կստանամ պաշտոնական տեղեկատվություն, այդ ժամանակ մեկնաբանություն կանի: Դիտարկմանը, թե լրատվամիջոցներում ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պաշտոնապես հաստատել է այդ լուրը, նա նշեց, որ լրատվամիջոցների ներկայացրածը չի ուզում մեկնաբանի, քանի դեռ չի լինի պաշտոնական հաղորդում այդ մասին, որեւէ մեկնաբանություն չի լինի:
Կորյուն Նահապետյանն հերքեց տեղեկությունները, թե իր եւ Գագիկ Ջհանգիրյանի միջեւ կոնֆլիկտ է եղել` նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը եւ որեւէ կոնֆլիկտ չի եղել: Միեւնույն ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորը հերքեց նաեւ, թե իր ղեկավարած հանձնաժողովում քվորում ապահովելու խնդիր կա, եւ պատգամավորների` նիստերից բացակայելու խնդրով ինքը դիմել է ԱԺ ղեկավարությանը` նրանց աշխատավարձերից պահումներ անելու համար: «Ես «ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված իմ պարտականությունն եմ կատարել, որ նախատեսում է, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հաջորդ ամսվա մինչեւ տասներորդ օրը պետք է ԱԺ նախագահին տեղեկանք ներկայացնի հանձնաժողովի նիստերին եւ խորհրդարանական լսումներից պատգամավորների բացակայության մասին»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը հերքեց նաեւ, թե Գագիկ Ջհանգիրյանը իրեն ասել է` «Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես»: «Խոսակցություն միշտ լինում է հանձնաժողովի յուրաքանչյուր նիստում, մամուլում աղավաղված ձեւով է ներկայացված ամեն ինչ, որպեսզի մամուլի ներկայացուցիչները հստակ պատկերացում ունենան, պետք է մասնակցեն նիստերին, մեկ տարի է հանձնաժողովը իր նիստերը անց է կացնում, եւ ես չեմ տեսել, որ լրատվամիջոցները գան լուսաբանեն նիստերը, ես չեմ մեղադրում լրատվամիջոցներին, փաստն եմ արձանագրում, որ երբեւէ չեմ տեսել որեւէ լրատվամիջոց գա լուսաբանի հանձնաժողովի նիստեր, խորհրդարանական լսումներ: Իմ կողմից որեւէ խնդիր չկա, նորմալ հարաբերություններ են, իր մասով հարցրեք իրեն: Նախկինում որեւէ կոնֆլիկտ չի եղել, միշտ եղել է բարյացկամ հարաբերություններ` հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության վրա, իսկ թե հիմա ինչ է փոխվել, հարցրեք իրեն, իմ կողմից որեւէ բան չի փոխվել»:
Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը դուրս է եկել ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են Ազգային ժողովի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել է, թե ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է «քվորում» ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությանը` հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար:
ԱԺ գեներալները, «լյավ» տղերքը՝ բոլորն այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է դարձել Գագիկ Ջհանգիրյանի եւ Կորյուն Նահապետյանի միջեւ լուրջ վիճաբանության, որի ժամանակ Ջհանգիրյանն ասել է. «Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես», ու ձեռքի թղթերը նետել է Կորյունի ուղղությամբ: Բանն այն է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել:
Ի՞նչն էր պատճառը, որ այդպես թունդ վիճաբանել եք վերջին նիստի ժամանակ՝ հարցրինք երեկ Ջհանգիրյանին: «Ես երեխաների հետ չեմ վիճում»,- բազմանշանակ ասաց նախկին զինդատախազը` խրոխտ քայլվածքով մտնելով ԱԺ նիստերի դահլիճ:




























