Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հունիսի 15-ին, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում ներկա է գտնվել քաղաքի մանկապարտեզի բացման արարողությանը, ինչպես նաեւ ծանոթացավ քաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մանկապարտեզի հիմնանորոգման համար ծախսվել է 165 մլն 900 հազար դրամ, որից 117 մլն 800 հազարը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման  առաջին եւ երկրորդ ծրագրերով, իսկ 48 մլն 100 հազարը` ներդրվել է  համայնքի կողմից:

Նշվել է, որ 120 երեխայի համար նախատեսված համայնքային մանկապարտեզն ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով եւ գույքով: Ա. Գեւորգյանը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Նա  կարեւորել է համայնքներում բարեկարգ նախակրթարանների առկայությունը եւ ողջունելի համարեց համայնքի մասնակցությունը ծրագրի իրականացմանը:

Փոխվարչապետը մարզպետ Կ. Շահգալդյանի եւ քաղաքապետ Հ. Բալասյանի ուղեկցությամբ ծանոթացել են նաեւ թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Թիվ 1 դպրոցի 8 մասնաշենքերի նորոգման համար  հատկացվել է  167 մլն 500 հազար դրամ: Վերանորոգման աշխատանքներն իրականացվում  են դեռ  2009թ-ից:  Այս տարվա ծրագրով հիմնանորոգվում է դպրոցի մեկ մասնաշենք` այդ թվում` արհեստանոցը, ճաշարանը, դահլիճը  եւ ենթակառուցվածքները:  Վերանորոգվել է նաեւ քաղաքի թիվ 2 դպրոցը: Այդ նպատակով  28 մլն 800 հազար դրամ  էր հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով, որով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են:

Փոխվարչապետին ներկայացվել է նաեւ քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցի վերականգնման ծրագրի ընթացքը: Այն  իրականացվում է «Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման ծրագրի» շրջանակում ` «Հայջրմուղկոյուղի»  ՓԲ ընկերության կողմից:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության  գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը տեղեկացրել է, որ Բյուրեղավանում ծրագիրը մեկնարկել է մայիսին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերականգնել քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցը: Մասնավորապես կվերականգնվեն քաղաքը սնող աղբյուրները, կկառուցվեն ջրաբաշխիչ հանգույցներ,  քլորակայան,  նոր պոմպակայան: Կկառուցվի եւ կվերակառուցվի շուրջ 10 կմ ջրագիծ, կվերանորոգվի օրվա կարգավորիչ ջրամբարը:

Ծրագիրը նախատեսվում է  ավարտել մեկ տարի անց: Արդյունքում քաղաքը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ծրագրի արժեքը 380 մլն դրամ է: 

«Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման ծրագիրը», որն իրականացվում է  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ, համայնքային ջրամատակարարման համակարգերի վերականգնում է նախատեսում  17 քաղաքներում եւ գյուղերում: