Ռոստովում բժիշկները պայքարում են 25-ամյա բնակչուհի Նատալյա Տ.-ի կյանքի համար, որը հունիսի 9-ին երեք տարեկան որդու՝ Կոլյայի հետ տեղափոխվել էր հիվանդանոց։ Սկզբում երեխան է վատ զգացել, հետո ընդունարանում ուշագնաց է եղել եւ ջղաձգումների մեջ հայտնվել մայրը։ Նրան իսկույն վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել։
Նատալյայի վիճակն այնքան ծանր է եղել, որ բժիշկները ստիպված նրան արհեստական կոմայի վիճակի մեջ են գցել։
Հիվանդին արհեստական շնչառության սարքին են միացրել, Life News-ին պատմել են Ռոստովի մարզի առողջապահության նախարարությունում: Չնայած որ բժիշկներն արդեն հինգ օր է պայքարում են Նատալյայի կյանքը փրկելու համար, դրական գնահատականներ առայժմ չեն տալիս:
Երեխան, որից վարակվել էր մայրը, արդեն դուրս է գրվել: Հայտնի է, որ տղան մանկապարտեզ չի հաճախել, սակայն չարաբաստիկ «Տերեմոկ» մանկապարտեզի հարեւանությամբ է ապրում:
Հիշեցնենք, որ Դոնի Ռոստովի «Տերեմոկ» մանկապարտեզում մենինգիտի համաճարակ էր սկսվել: Ներկայումս մենինգիտի ախտորոշումը հաստատվել է 38 երեխաների մոտ: 68 մարդ բուժվում է: Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են: Վերջին 10 օրերի ընթացքում ընդհանուր առմամբ Դոնի Ռոստովում մենինգիտի տարբեր տարատեսակներից արդեն երկու երեխա է վախճանվել:




























