Կառավարությունում ծանոթ են վարչապետին ուղղված Սյունիքի մարզի հողօգտագործողների բաց նամակին եւ այդ առթիվ կտրվեն հանձնարարականներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կառավարության լրատվական ծառայությունից:
Զրուցեցինք նաեւ Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանի հետ` փորձելով պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում գյուղացիների այն խոսքը, թե վերջինս էժան գներով տրված պարարտանյութը եւ դիզվառելիքը թանկ է վաճառել նրանց:
Գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չկա, կարող են ստուգել, ինչ գնով ստացել է, այն գնով էլ տվել է գյուղացիներին, «1 դրամի տարբերություն չկա»:
Նա նշեց, որ Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Ս. Թանգյանի հետ որեւէ ազգակցական, բարեկամական կապ չունի, մեկ տարի է` ինչ նրան ճանաչում է, «եթե մեկ դրամի տարբերություն կա, ես պատասխանատու եմ դրա համար»:
Գորիսի ալրաղացի սեփականատերը Սպարտակ Հակոբյանը եւս մեզ հետ զրույցում հերքեց նամակում առկա տեղեկատվությունը` նշելով, որ նման բան չկա, դա կփաստեն նաեւ իր համագյուղացիները: «Եթե մեկ լիտր դիզվառելիք կամ պարարտանյութ վաճառել եմ, ես խոստանում եմ լքել Հայաստանը»,- ասաց նա:
Նշենք, որ Սյունիքի մարզի հողօգտագործողները բաց նամակ են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ դժգոհում են, որ իրենց չի ասել շուկայական գներից էժան գներով ազոտական պարարտանյութը եւ դիզելային վառելանյութը: Բաց նամակում ասվում է.
«Մեծարգո պարոն Սարգսյան
Մենք հեռուստատեսությամբ շատ անգամ ենք լսել, որ ՀՀ կառավարության կողմից գյուղական համայնքներին օգնելու նպատակով, մարզերին շուկայական գներից էժան գներով ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ եք հատկացրել, բայց նախորոք ասենք, որ այն ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում մենք` գյուղացիներս, չենք ստացել, որովհետեւ Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Ս. Թանգյանը շատ անօրինականությունների հետ միասին նաեւ կամայականություն է արել ազոտական պարարտանյութի եւ հատկապես հողօգտագործողներիս (ՀՀ կառավարության 2012թ.-ի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ) մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու գործընթացում:
Նա ազոտական պարարտանյութը տվել է իր եղբորը, մտերիմներին եւ հարազատներին, վերջիններիս շնորհիվ բարձր գներով վաճառել են մեզ եւ մյուսներին:
Օրինակ`
Գորիսում`ալրաղացի սեփականատիրոջը՝ Սպարտակ Հակոբյանին,
Խնձորեսկի համայնքի ղեկավար` Սերյոժա Հայրապետյանին,
Սիսիանում տվել է իր եղբորը` Արայիկ Թանգյանին եւ այլոց որոնց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է»:



























