Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անիմաստ է համարում Բաշար Ասադի զորքերի կողմից քիմիական զնեքի կիրառումը, քանի որ նրա զորքերը հաղթում են ընդդիմադիր զինյալների դեմ պայքարում: Այս մասին, նա հայտարարել է այսօր՝ հունիսի 15-ին, իր իտալացի գործընկեր Էմմա Բոնինոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեր արեւմտյան գործընկերները ասում էին, որ երեւի քիմիական զենքի կիրառումը ռեժիմի շահերից չի բխում, բայց եթե այն պատին դեմ տան, ապա որպես վերջին հույս այն կարող է անհուսությունից նման զենք կիրառել: Հիմա ռեժիմը պատին դեմ առած չէ: Ռեժիմը, ինչպես այդ մասին նշում են ընդդիմադիրները, ռազմական հաջողություններ է արձանագրում: Ի՞նչ իմաստ ունի քիմիական զենք կիրառել, ընդ որում այդքան փոքր քանակով»,-հայտարարել է Լավրովը, հաղորդում է «Ռոսբալտը»: Նրա խոսքով՝ ռազմական տեսանկյունից դա անիմաստ է, եւ բոլորը դա հասկանում են:

Լավրովը նաեւ նշել է, որ Սիրիայի տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելը միջազգային իրավունքի խախտում կլինի: Նա ուշադրություն է հրավիրել, որ լրատվամիջոցները վերջերս տեղեկացրել էին, որ «լրջորեն քննարկվում է Սիրիան ոչ թռիչքային գոտի հայտարարելու հարցը՝ Patriot հակաօդային համալիրներ եւ Հորդանանում F-16 օդանավեր տեղակայելու միջոցով»: Այդ տեխնիկան տեղակայվելու է ոչ Սիրիայի տարածքում, բայց հարվածելու է սիրիական օդանավերին, ինչն, իբր, չի խախտում միջազգային իրավունքը:

«Մեծ փորձագետ պետք չէ լինել, հասկանալու համար, որ միեւնույն է միջազգային իրավունքի խախտում է»,-ընդգծել է Լավրովը: