Երեւանի ավագանին hունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում, քվեարկության համար գրանցված ավագանու 63 անդամների 58 կողմ եւ 5 դեմ ձայներով Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանը: Ձայների նույն համամասնությամբ քաղաքապետի տեղակալներ են նշանակել Վահե Նիկոյանը եւ Արամ Սուքիասյանը: Այնուհետեւ ավագանու գրանցված 62 անդամների ձայների 58 կողմ եւ 4 դեմ թվով քաղաքապետի տեղակալ է նշանակվել Դավիթ Օհանյանը:
Նիստին գրանցված 64 անդամների 42 կողմ, 6 դեմ եւ 16 ձեռնպահ ձայների թվով հավանություն է տվել` Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակը, Երեւանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին:
Նախքան քվեարկությունը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով օրակարգի հաստատմանը, ինչպես նաեւ դրանում ընդգրկված կետերի վերաբերյալ ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամների հարցերին, նշել է, որ ինչպես օրակարգի հաստատումը, այնպես էլ դրանում ներառված հարցերը համապատասխանում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
Ձայների նույն՝ 42 կողմ, 6 դեմ եւ 16 ձեռնպահ հարաբերակցությամբ, ավագանին հաստատել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կանոնադրությունները, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների կանոնադրությունը:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը հաստատվել են ավագանու անդամների միաձայն կողմ քվեարկությամբ:





































