Չէի ցանկանա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը` «ժոցովրդի բազմաչարչար պայքարի» մասին, ընդունել որպես իշխանության տապալման կոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նրա խոսքով` Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որոնցում քաղաքական ինստիտուտների ձեւավորումը եւ փոփոխությունները տեղի են ունենում ընտրական գործընթացների շրջանակում: «Եւ եթե մենք բացառում ենք ֆորս մաժորային իրավիճակները, այսինքն` խորհրդարանի վաղաժամկետ ազատ արձակում, նախագահի հրաժարական, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի կոչերը ցանկալի կլիներ լսել որպես քաղաքական կուսակցության առաջնորդի հայտարարություն, որը հասկանում է , որ իշխանության կառուցվածքում մասնակցությունը պահանջում է ոչ միայն մեկ կամ երկու ընտրարշավի, այլ քաղաքական գործընթացի մշտական մասնակցություն, մշտական աշխատանք քաղաքացիների եւ ընտրազանգվածի հետ»,-նշեց Մարկարովը:

Տվյալ պարագայում, ինչպես նշեց քաղաքագետը, խոսքը միայն այն մասին է, որ քաղաքական գործիչը ձգտում է մասնակցել քաղաքական գործընթացներին միայն որպեսզի հետագայում հնարավորություն ունենա մասնակցել կառավարության կազմավորման աշխատանքներին կամ շատ տեղեր ստանա խորհրդարանում:

Նշենք, որ հունիսի 15-ին, «Ժառանգություն» կուսակցության հավաքի ժամանակ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր. «Եթե Հայաստանի քաղաքացիները երկրում փոփոխություններ են ցանկանում, ապա պետք է պատրաստ լինեն բազմաչարչար պայքարի, ոչ թե համակարգչի առջեւ նստած Facebook սոցցանցում ամպագոռգոռ ստատուսներ գրեն եւ մնացածներին քննադատեն։ Մենք պատրաստ ենք քննադատություն լսելու, քանի որ «Ժառանգության» անդամ ենք։ Այս տարվա ընթացքում մեկ անգամ ամբողջ ժողովուրդը պայքարի ուղի դուրս կգա կամ էլ յուրաքանչյուրը կսկսի տարբեր դրոշներով հանդես գալ»: