Այս տարի եւս, ինչպես նախորդ տարիներին, հայերի մեծամասնությունը ավելի հաճախ նախընտրում է հանգիստն անցկացնել արտերկում, քան՝ Հայաստանում: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները տուրիստական գործակալությունների շրջանում:

Պատճառները, ինչպես նշում են, տուրօպերատորները նույնն են եւ հինը: Հայ զբոսաշրջիկները նախընտրում են արտերկրյա հանգիստը, քանի որ ծառայություններն այնտեղ ավելի մատչելի են, սպասարկման որակը համապատասխանում է գնին, ինչպես օրինակ` հյուրանոցների դեպքում, դրան գումարվում է նաեւ ծովի առկայությունը, նոր երկիր, տեսարժան վայրեր բացահայտելու ցանկությունը, մշակութային հետաքրքրությունները:

«Ռիմա թրավել» տուրիստական գործակալությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ եթե հաշվի չառնենք պետության կողմից ներդրված սոցփաթեթները,

մարդիկ ավելի շատ նախընտրում են հանգստանալ դրսում, քանի որ Հայաստանի համեմատ` ծառայությունների մակարդակը բարձր է, իսկ գները` մատչելի, ինչպես նաեւ առկա է հայերի սիրելի ծովն ու արեւը:

Աշխատակիցը նկատեց, որ տարեցտարի ավելանում են հանգստի մեկնողները, մարդիկ ավելի ուշադիր են դարձել իրենց հանգստի նկատմամբ, դեռեւս մի քանի ամիս շուտ դիմում են, պլանավորում են: Նրա խոսքով` պետության կողմից տրվող սոցփաթեթների միջոցով էլ ինչ-որ չափով ներգնա տուրիզմը ինչ-որ չափով զարգանում է, հաճախ պետական մարմինների աշխատակիցները հավելյալ վճարում են եւ ավելի լավ պայմաններով հանգստանում: Աշխատակիցը նաեւ նկատեց, որ եթե նախկինում մարդիկ  հանգստի էին մեկնում 10-15 օրով, ապա այժմ առավելագույնը` 7 օրով, ինչը մի կողմից պայմանավորված է սոցիալական վիճակով, մյուս կողմից էլ` ժամանակի սղությամբ, աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:

«Դոլչե թրավելից» եւս շեշտեցին, որ հանգիստը արտերկրում անցկացնելու պատճառը այստեղի բարձր գներն են, թեեւ թե արտերկրում, թե Հայաստանում վերջին տարիներին որոշ չափով գները բարձրացել են: Նրանց փոխանցմամբ` այս տարի դեռեւս հանգստացողների աճ չի նկատվում, ավելի քիչ են դիմում, պատճառները կարող են տարբեր լինել` սոցիալական վիճակ, արտագաղթ, աշխատանքային ծանրաբեռնվածություն:

«Ռեստ տուրից» հայտնեցին, որ արտերկիր մեկնող հայերին ամենից շատ գրավում է ծովը, ինչպես նաեւ տվյալ երկրի մշակութային առանձնահատկությունները: Այս գործակալության միջոցով իրենց հանգիստը կազմակերպում են 20-40 տարեկան անձինք:

«Արգո տուրից» եւս փաստեցին, որ Հայաստանում, թե արտերկում հանգստանալու խնդրի շուրջ կանգնած հայերը նախընտրությունը տալիս են երկրորդ տարբերակին` պայմանավորված գին-որակ  համապատասխանությամբ: