Երկրապահ կամավորապանների միության կազմավորման 20-ամյակի առթիվ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանին պետք է հուշամեդալ հանձներ, սակայն ավելի ուշ տեղեկացել են նույն օրը նրա ինքնասպանության մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԵԿՄ-ի մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանից:
«Նա զանգի միջոցով տեղեկացրել էր, որ մի քիչ առողջական խնդիրներ ունի եւ խոստացել ավելի ուշ վերցնել հուշամեդալը: Բայց ցավոք լսեցինք, որ ինքնասպան է եղել»,- նշեց Վարդան Վարդանյանը եւ ավելացրեց, որ Վրեժ Իսրայելյանը երկար տարիներ եղել է ԵԿՄ-ի թերթի խմբագիրը: «ԵԿՄ-ն սգում է Վրեժ Իսրայելյան մարդու եւ գրողի կորուստը»,- նշեց Վարդան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ հայտնի հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը հունիսի 14-ին ինքնասպանություն է գործել: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է Վրեժ Իսրայելյանի դիակը: Մեր տեղեկություններով` նրա մոտ վերջերս հայտնաբերվել է թոքերի քաղցկեղ` խորացված վիճակում: Նա ինքնասպանությունը գործել է հրազենի կիրառմամբ:
Նշենք, որ հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել էր 1949թ ապրիլի 2-ին Երեւանում: «Տոնապետ» գրքի համար նա ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր եւ ավագ խմբագիր: 1979-81-թթ գրական աշխատում էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին: Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն):




























