Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով օրերս Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Վիրաբուժության բաժանմունք, արդեն իմացել է եղբոր մահվան մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Բուդաղյանի հարազատները

Նրանք պատմեցին, որ Արտակ Բուդաղյանին եղբոր` Ավետիք Բուդաղյանի մահվան մասին հայտնել է հայրը եւ եղբայրը, բայց նախքան այդ մասին հայտնելը նրանք քնաբեր դեղամիջոց են ներարկել, որպեսզի այդ լուրչը իր առողջության վրա վատ չազդի: «Ոչինչ չի կարողացել ասել, անընդհատ սրսկում են, որ այդ սթրեսը մեծ ազդեցություն չթողնի,ինքը մտածում էր, թե եղբայրը ողջ է, վիրավոր պառկած է: Հիմա ոնց որ քարացած է, ոչ մի բան չի խոսում»,- պատմեցին հարազատները` հավելելով, որ նրան դեռ չեն հարցաքննել:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:

Լուսանկարը` «Emedia.am»-ի