Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության օրինագծի քննարկումից ժամեր առաջ իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, սակայն հատկանշական է այն հանգամանքը, որ Գյուլը զանգահարել է Օբամային Ցեղասպանության օրինագծի օրակարգ ներառելուց ժամեր առաջ:

Ըստ որոշ լուրերի` Գյուլը Օբամայի հետ զրույցում հույս է հայտնել, որ բարեկամ եւ դաշնակից ԱՄՆ-ը թույլ չի տա, որպեսզի նման «անարդարություն» տեղի ունենա թուրք ժողովրդի նկատմամբ:

Նշենք, որ Սպիտակ տան երկարատեւ լռությունը խախտել էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Մայք Համմերը, ով հետեւյալն էր հայտարարել. «Նախագահ Օբաման 1915թ.-ի իրադարձությունների կապակցությամբ արտահայտած իր դիրքորոշումը չի փոխել։ Մենք կողմ ենք իրականության ճիշտ եւ արդարացի ընդունմանը։ Այդ նպատակին հասնելու ամենալավ ճանապարհը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը եւ անցյալում տեղի ունեցածները հաշվի առնելն է։ Մենք շարունակում ենք հավատալ դրան, եւ պատրաստ ենք շարունակել ջանքերը այդ ուղղությամբ»,-նշել էր Համմերը։