Հայաստանի տարածքի 81%-ը  ենթակա է անապատացման: Այս մասին այսօր` հունիսի 17-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը: 

Ըստ նրա` Կառավարությունը որպես կանխարգելիչ միջոց առաջարկում է ներդրումներ կատարել կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաներում, Սեւանի մաքրման վերականգնողական աշխատանքներ իրականացնել, պահպանել ջրամբարների սանիտարական կանոնները,, սահմանափակել հանքային ջրերի օգտագործումը, ընդլայնել սանիտարական գոտիները:

Մինչդեռ ըստ Զարաֆյանի`  նույն կառավարության որոշմամբ Հայաստանի գյուղատնտեսական հողատարածքները  2121,2 հազար հա-ից կրճատվել են մինչեւ  2076,9 հազար հա (2008-2011թթ.): « 7% -13% -ով ավելացել է ջրի արդյունաբերական սպառումը: Հետեւաբար, ավելացել են նաեւ արդյունաբերական թափոնները, այսինքն` ավելացել է ջրի աղտոտումը: Աղտոտումը կարող է անդառնալի լինել», - նշել է Զարաֆյանը:

Բնապահպանը նաեւ հայտնել է, որ Արարատյան դաշտում շուրջ 30 հազար հա գյուղատնտեսական տարածքներ գործածությունից դուրս են եկել, թեեւ նրանց կարգավիճակն անփոփոխ է: «Շահերի բախումներից ելնելով`մեր Կառավարությունը պետք է ընդունի, որ Հայաստանում անապատացման դեմ պայքարն իրականացվում է միայն կոչերի եւ բարի մաղթանքների մակարդակով»:

Որպես պայքարի միջոց` բնապահպանն առաջարկել է  փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որպեսզի բնական պաշարներից օգտվողները նույնպես գումար վճարեն` այդ միջոցները բնապահպանական հավասարակշռության վերականգնմանն ուղղելու նպատակով: 

Նշենք, որ հունիսի 17-ը Անապատացման ու երաշտի դեմ պայքարի միջազգային օրն է:  Աշխարհն այդ օրը նշում է 1995թ.-ից սկսած: Հայաստանը Անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիային միացել է 1994թ., իսկ այն վավերացրել են 1997թ.: