Մի քանի օր առաջ ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը: Այդ մասին այսօր՝ հունիսի 17-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ պատասխանելով պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին, թե ինչ պատասխանատվության միջոցներ են կիրառվել ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետության մեջ նշված խախտումների համար:

Բաբկեն Մկրտչյանը մեղադրվում է գյուղացիների համար նախատեսված ու կառավարության կողմից սուբսիդավորվող դիզվառելիքի բաշխման ընթացքում խարդախություն ցուցաբերելու համար:

Ա. Գեւորգյանն ասաց, որ 2012 թ. կառավարությունն իր սեփական նախաձեռնությամբ որոշ գործեր ուղարկել է իրավապահ մարմիններին, սակայն այս պահին չի կարող ասել, թե դրանք ինչ ընթացքի մեջ են:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած տեղեկանքի՝ 2012 թ. դատախազություն է ուղարկվել սոցիալական ապահովության բաժիններում ստուգումների 51 ակտեր: Քրեական գործեր են հարուցվել Շիրակի մարզի Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի եւ Արարատի մարզի Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի վերանորոգման հետ կապված, ընթանում է քննություն: