Վերահսկիչ պալատի կամ գործադիրի համապատասխան կառույցների կողմից արձանագրված որեւէ դեպք անհետեւանք չի մնացել եւ չի մնա: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ ներկայացնելով ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետը:
Նա իր ելույթում մասնավորապես, ասել է.
«Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեական պատասխանատվության տարրը, որը, կարծում ենք, նույնպես գործող օրենսդրության կատարելագործման հարց է:
Համոզված ենք, որ իր լիարժեք կիրառումը չի ստացել նաեւ Վերահսկիչ պալատի մասին օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը, որը ենթադրում է, որ «Վերահսկիչ պալատը վերահսկողության ընթացքում կազմված արձանագրություններն ու ընթացիկ հաշվետվություններն ուղարկում է ՀՀ գլխավոր դատախազություն, եթե դրանում առկա են կասկածներ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ»:
Կցանկանայի նաեւ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա եւս. թե անցած տարի, թե հիմա պալատի հաշվետվության քննարկման ժամանակ նկատել եմ, որ քննարկման ձեւաչափը գործադիրին հնարավորություն չի տալիս արձանագրված խնդիրների մասով իր տեսակետներն ամբողջությամբ, մանրամասն ու առավել հանգամանորեն ներկայացնելու, ինչը թույլ կտա ավելի օբյեկտիվ պատկերացում ձեւավորել: Արդյունքում, ստացվում է, որ թեեւ պետական մարմիններն իրենց պարզաբանումները ներկայացնում եւ հարցերն աշխատանքային կարգով քննարկում են պալատի հետ, այդուհանդերձ հրապարակային քննարկումների ժամանակ հնչում է միայն մեկ տեսակետ, եւ հանրության համար մի շարք հարցեր այդպես էլ չպարզաբանված են մնում: Անգամ այս կարճ ելույթով հնարավոր չէ լիարժեք պարզաբանումներ ներկայացնել բոլոր խնդիրների վերաբերյալ:
Կարծում ենք, որ քննարկումներն առավել արդյունավետ կլինեն եւ կծառայեն իրենց նպատակին, եթե փոխվի ներկայիս ձեւաչափը:
Ներկայացված հաշվետվության մեջ արտացոլված են գործադիրի տարբեր մարմինների կողմից թույլ տրված բացթողումներ ու թերացումներ, որոնց համակողմանի ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել մի շարք իրողություններ:
Շինարարության ոլորտում արձանագրված խնդիրներն այնպիսին են, որոնք պետք է ստանան եւ ստանում են իրենց լուծումները կնքված պայմանագրերի շրջանակում: Մասնավորապես, ջրանցքների վերականգնման ծրագրով արձանագրված մոտ 47 մլն դրամի անորակ աշխատանքներն իրականացվել են ձմռանը, անբարենպաստ եղանակային պայմաններում ՝ հիմնականում մայր ջրանցքների բետոնապատման աշխատանքների տեսքով, որն անխուսափելիորեն չէր կարող զերծ մնալ նմանատիպ թերություններից: 47 մլն դրամը կազմում է ստուգված ծավալի ընդամենը 4 տոկոսը:
Կնքված պայմանագրերի համաձայն, շինարարները պարտավորություն ունեն աշխատանքների ավարտից հետո մեկ տարվա ընթացքում վերացնել ի հայտ եկած բոլոր թերություններն ու բացթողումները: Ինչը կատարվել եւ կատարվում է: Ասվածը վերաբերում է նաեւ նմանատիպ մի շարք այլ դեպքերի:
Ճանապարհաշինության ոլորտում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 438 պայմանագրերով ստուգվել է շուրջ 60 կազմակերպություն, եւ խախտումներ են արձանագրվել միայն 2-ի դեպքում կամ շուրջ 3 տոկոսում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարող ենք արձանագրել, որ կոնկրետ շինարարական ծրագրերի իրականացման ընթացքում նկատված խնդիրները չեն կրում համատարած եւ համակարգված բնույթ: Դրանք, ըստ էության, կոնկրետ հանգամանքներով պայմանավորված խնդիրներ են, որոնց լուծումները նախատեսված են կոնկրետ պայմանագրերով:
Շինարարության ոլորտում ծրագրերի մի մեծ մասն իրականացվում է վարկային պայմանագրերով ներգրավված միջոցներով, եւ պետք է նկատել, որ դրանց կատարման նկատմամբ եռակի վերահսկողության մեխանիզմ է գործում` Կառավարության, Վերահսկիչ պալատի եւ ֆինանսավորող միջազգային կազմակերպության կողմից: Այս ծրագրերի դեպքում ընթացակարգերը կանոնակարգվում են այդ կազմակերպությունների հետ կնքված համապատասխան փաստաթղթերով: Կարծում ենք նաեւ, որ ծրագրերի գնահատման չափանիշների առումով մեթոդաբանական հստակեցումների անհրաժեշտություն կա: Թերեւս պետք է գնահատել ծրագրի ռիսկայնությունը, այսինքն` արդյոք նկատված թերությունները կարող են ռիսկային լինել ընդհանուր ծրագրի իրականացման տեսանկյունից, թե ոչ: Երաշխիքային ժամկետում արձանագրված թերությունները կամ մեծ ծավալի մեջ փոքր տոկոս կազմող խախտումներն ընդհանուր ծրագիրը չեն կարող ռիսկային դարձնել:
Վերլուծությունները ցույց են տալիս, որ կատարվող կոնկրետ շինարարական ծրագրերը կամ միջոցառումները, ըստ էության, ծառայում են ի սկզբանե նախանշված նպատակներին, ապահովում են համապատասխան իրավական ակտերով եւ պայմանագրերով սահմանված արդյունքներ:
Այո, կան առանձին ծրագրեր, որոնց իրականացման ընթացքում գործադիրն ինքն է բացահայտել խնդիրներ` կապված ծրագրերի բովանդակության ու իրականացման ընթացքի հետ: Մասնավորապես, կարող եմ մատնանշել Գյումրիի տեխնոպարկի ծրագիրը:
Հաշվի առնելով հարցի վերաբերյալ հետաքրքրությունը` կցանկանայի ներկայացնել համապատասխան մարմնի կողմից տրամադրված տեղեկությունը ծրագրի ընթացքի մասին:
Այսպիսով, «Գյումրիի տեխնոպարկ» ծրագիրն իրականացվում է փուլային եղանակով: Առաջին փուլով նախատեսված է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի ձեւավորում` Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին տարածքում` շուրջ 6000քմ ընդհանուր մակերեսի վրա:
Ըստ մշակված բիզնես-պլանի` կենտրոնը 10 տարվա ընթացքում կդառնա ինքնածախսածածկող, որի ընթացքում կստեղծվեն մի քանի հազար բարձր վարձատրվող աշխատատեղեր, կպատրաստվեն եւ կվերապատրաստվեն հազարավոր մասնագետներ, կներգրավվի շուրջ 50 մլն դոլարի ներդրում, կհիմնվեն բարձր հավելյալ արժեք ստեղծող նոր տեխնոլոգիական կազմակերպություններ: Այս փուլի ընդհանուր ծախսերը կկազմեն մոտ 10 մլն դոլար:
Թեեւ կենտրոնի հիմնական աշխատանքային տարածքի հիմնանորոգումը կավարտվի սույն թվականի դեկտեմբերին, սակայն արդեն արձանագրվել է նաեւ լուրջ առաջընթաց, մասնավորապես` թայվանական D-Link կազմակերպությունը Գյումրիում է տեղակայել իր տարածաշրջանային ծրագրավորման կենտրոնը եւ սկսել է սեփական շենքի շինարարությունը Կենտրոնի անմիջական հարեւանությամբ: Գյումրիում իր աշխատանքներն է սկսել ITechnology ամերիկյան կազմակերպությունը եւ գործում է նաեւ Գյումրիի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնը` իրականացնելով հետբուհական մասնագիտական ժամանակակից տեխնոլոգիական կրթություն: Մի շարք տեղական եւ արտասահմանյան ընկերություններ արդեն իսկ հայտնել են իրենց հետաքրքրությունը կենտրոնի հիմնական շենքում տեղակայվելու համար:
Առաջին փուլի հաջող իրականացումից հետո միջոցառումներ կձեռնարկվեն Տեխնոպարկի մյուս բաղադրիչների` Բիզնես պարկի եւ Տեխնոլոգիական պարկի ձեւավորման ուղղությամբ:
Հավաստիացնում եմ, որ ծրագիրը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում:
Կառավարությունը նաեւ վճռական է շարունակել ինքնավերահսկողության եւ ինքնամոնիթորինգի աշխատանքները բոլոր կարեւորագույն ծրագրերի նկատմամբ:
Մենք պատրաստակամ ենք բոլոր շահագրգիռ կառույցների հետ քննարկել այն առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն ինչպես Վերահսկիչ պալատի, այնպես էլ գործադիրի կողմից բացահայտված տարաբնույթ խնդիրների լուծմանը»:



























