Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան - Սառնակունք ավտոճանապարհի 23-րդ կմ-ում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 9161 L համարանիշի (վարորդ 50-ամյա Արտյուշա Մեսրոպյան) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 30 ՏՍ 896 համարանիշի (վարորդ 39-ամյա Արմեն Հովակիմյան) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Հովակիմյանը եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 35-ամյա Ջանիկ Հակոբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնը եւ ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված: