Հունիսի 17-ի առավոտյան Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է Ստամբուլ չվերթի ուղեւոր, Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի աշխատակից Մեհման Հուսեյնովը: Լրագրողը Ստամբուլով Օսլո էր ուղեւորվում` իրեն շնորհած Գերդ Բուցերիուսի լրագրողական միջազգային մրցանակն ստանալու նպատակով: Հուսեյնովը ձերբակալվել է այն պատրվակով, թե իբր նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված, անունը «բացակայելու  իրավունք չունեցողների» ցուցակում է: 

Contact.az-ը գրում է, որ Հուսեյնովին ձերբակալել եւ ոստիկանություն են տարել: Մի քանի ժամ անց նրան ազատել են` դուրս չբացակայելու ստորագրություն վերցնելով: 

Հուսեյնովը հայտարարել է, որ դեռ մեկ ամիս առաջ ինքը  ՆԳՆ-ին, Գլխավոր դատախազությանը եւ քննչական մարմնին տեղեկացրել էր մրցանակաբաշխությանը մասնակցելու իր մտադրության մասին: Ոչ մի պատասխան չստանալով` նա դա որպես համաձայնություն էր ընկալել:

Մեկ տարի առաջ Հուսեյնովի դեմ քրեական գործ էր հարուցվել ոստիկանության աշխատակցին դիմադրելու եւ խուլիգանության համար: Իբր Հուսեյնովը վիրավորել էր ոստիկանին՝ 2012թ. մայիսի 21-ին շատրվանների հրապարակում «Հասարակական պալատի» բողոքի ցույցի նկարահանման ժամանակ:  Իրականում, ոստիկանության աշխատակիցը կոտրել էր նրա տեսախցիկը: