Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի հանգստի գոտիների եւ անտառպուրակային տարածքների մաքրման եւ պահպանման նպատակով կմեկնարկի «Ավելի մաքուր Երեւան» կարգախոսով ծրագիրը: 

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով այդ ուղղությամբ իրականացվող հասարակական նախաձեռնությունները` քաղաքապետն առաջարկել է աշխատանքներում ներգրավել հասարակական եւ երիտասարդական կազմակերպություններին, նաեւ՝ բոլոր ցանկացողներին:

«Մայրաքաղաքում կան մի շարք զբոսայգիներ ու վայրեր, որտեղ երեւանցիները սիրում են իրենց հանգիստ անցկացնել հատկապես ամռանը, ինչն էլ, սակայն, պատճառ է դառնում աղբի կուտակման: Միայն Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը բավարար չէ: Մենք պետք է ներգրավենք ու խրախուսենք նաեւ  հասարակական կազմակերպություններին` կոչ անելով իրենց մասնակցությունը բերելու այդ նախաձեռնություններին, որպեսզի ունենանք ավելի մաքուր Երեւան: Առաջարկում եմ սկսել հենց Հրազդանի կիրճից: Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ եւ համատեղ ուժերով կյանքի կոչել  ծրագիրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Ավելի մաքուր Երեւան»  ծրագրի կազմակերպման համար Երեւանի քաղաքապետարանը կապահովի անհրաժեշտ բոլոր պարագաները: