Հայաստանից արտագաղթի խնդիրը սոցիալական չէ, այլ` քաղաքական, մարդիկ արտագաղթում են երկրում արդարության բացակայության պատճառով: Այս մասին հունիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Հասկանալի չէ, թե ինչու են ոմանք արտագաղթի համար մեղադրում ընդդիմությանը, մասնավորապես` «Ժառանգությանը»: Փոխանակ կուսակցության կողքին կանգնելու եւ օգնելու լուծել այդ խնդիրը, որոշակի մարդիկ, հակառակը, քննադատում են մեր գործողությունները եւ այդ կերպ խանգարում»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը: Նրա համոզմամբ` Հայաստանի իշխանություններն ունեն միայն մեկ խնդիր` սեփական հարստության ավելացում, իսկ դրա համար անհրաժեշտ է իշխանության վերարտադրություն, ինչը եւ արվում է: «Իշխանությունները որեւէ հայեցակարգ չունեն այն ուղղությամբ, արդյոք Հայաստանը լինելու է արդյունաբերական, թե զբոսաշրջային երկիր, քանի որ քայլեր չեն ձեռնարկվում այդ երկու կողմերից եւ ոչ մեկի ուղղությամբ: Նրանք զարգացնում են միայն լեռնարդյունաբերությունը»,-ընդգծել է քաղաքական գործիչը:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ ընդգծել է, որ անգամ գյուղապետի մակարդակում մարդիկ չեն կարողանում իշխանափոխություն կատարել: «Խնդրի լուծումը հնարավոր է հասարակական սեկտորի միավորման միջոցով: Դրա միջոցով հնարավոր կլինի իշխանափոխություն կատարել, զարգացման հասնել»,-եզրափակել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:




























