Նարեն, Մանեն, Անին 2013թ նորածին աղջիկների ամենատարածված անուններն են: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության եւ մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ստեղծման օրից ի վեր 10 տարիների ընթացքում անունների վիճակագրությունը շատ չի փոփոխվել եւ առաջատար դիրքերում են բոլորին հայտնի հայկական անունները: Նարե անունն այս տարի տրվել է 945 աղջկա, Մանե` 914, Անի` 610: Ամենահայտնի անունների տասնյակում ներառվել են նաեւ Աննա, Մարիամ, Մերի, Միլենա, Լուսինե, Էլեն, Հասմիկ անունները:
Նորածին տղաների ամենատարածված անուններն են Նարեկն ու Դավիթը` 1129 եւ 1283 համապատասխանաբար: Տասնյակում են նաեւ Արման, Արթուր, Սամվել, Գոռ, Էրիկ եւ Տիգրան անունները:
Արեւմուտքում մեծ տարածում ունեցող անունների վեաբերյալ վիճակագրական ծառայությունը տեղեկություններ չունի: Կարինե Կույումջյանի խոսքով` իրենք տվյալներ են հավաքում միայն Հայաստանում մեծ տարածում ունեցող անունների մասին:
Էթնոգրաֆ Նիկոլ Մարգարյանը հաստատել է, որ թեեւ անսովոր անունների պրակտիկան տարածված չէ, այնուամենայնիվ, միտում կա, որի ազդեցությամբ ծնողները երեխաների անուններն ընտրում են սերիալներից եւ ժամանակակից գրքերից: «Եթե հետխորհրդային շրջանում երեխաներին կոչում էին տատիկների եւ պապիկների անուններով, ապա այսօր երեխաների անուններն ընտրում են միայն ծնողները եւ երբեմն ընկնում են սերիալների ազդեցության տակ` նրանց տալով գլխավոր հերոսների անունները»:
Հիշեցնենք, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը կներկայացնի վիճակագրական տվյալներ տարածված ազգանունների վերաբերյալ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























