ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում, նվիրված ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվությանը, հայտարարեց, որ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը «Տոյոտա Հայաստան» ընկերության սեփականատերն է:

Ն. Փաշինյանի խոսքով՝ ավտոմեքենաների պետական գնումները կատարվում են այդ ընկերությունից, դա ատկատի ձեւերից մեկն է: «Լրիվ օրինական ճանապարհներով ստանում եք շահույթ»,- փոխվարչապետին հարց ուղղեց Ն. Փաշինյանը:

Ա. Գեւորգյանը կտրականապես հերքեց, թե որեւէ առնչություն ունի «Տոյոտա Արմենիա» ընկերության հետ (նշենք, որ ընկերության իսկական անունը «Տոյոտա Երեւան» է); Ա. Գեւորգյանն ասաց, որ նախկինում էլ, երբ Ն. Փաշինյանը «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր էր, թերթի անունից ստացել է այդ հարցապնդումը եւ բացասական պատասխան տվել: Բացի այդ, ըստ Ա. Գեւորգյանի, պետական հաստատությունները մեքենաներ գնում են նաեւ այլ դիստրիբյուտորներից:

Սակայն Ն. Փաշինյանը, հիմնվելով «Վիքիլիքս»-ի հրապարակումների վրա, պնդեց, «Տոյոտա Հայաստանի» մեկ երրորդի սեփականատերը Ա. Գեւորգյանն է: