Հունիսի 17-ին Իրաքում ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 6 մարդ: Պայթյուններից մեկը որոտացել է Էլ-Ֆալլուջ քաղաքի ընտրատեղամասում: Այնտեղ տեղական ինքնակառավարման ընտրություններ են ընթանում:

Հայտնի է, որ մահապարտը, ով զգեսատվորվել է որպես ոստիկան, պայթեցրել է մարմնին ամրացված պայթուցիկը, երբ ընտրատեղամասում եղել են տասնյակ տեղի բնակիչներ: Այդ գրոհի զոհ է դարձել 3 ոստիկան, տուժել է եւս 3 մարդ:

Բաղդադից դեպի հյուսիս 25 կմ հեռավորությամբ տեղակայված Թաջի քաղաքում ինքնաշեն ռումբի պայթյունի արդյունքում մահացել է 3 խաղաղ բնակիչ, 11 մարդ վիրավորվել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը http://www.itar-tass.com:

Առանց միջադեպերի չի անցել նաեւ հունիսի 16-ը: Մահացել է 40, վիրավորվել` ավելի քան 80 մարդ: Իրաքի միանգամից մի քանի նահանգներում ավտոմեքենաներ են պայթեցվել: Տեղի լրատվամիջոցները հաղորդել են նաեւ հրաձգության մասին, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ միայն այս տարվա մայիսին պայթյունների եւ գրոհայինների հարձակումների արդյունքում զոհվել է ավելի քան 1000 մարդ: