Հունիսի 19-ին  Երեւանում (Մատենադարանի շենքում) տեղի կունենա  «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությամբ: 

Համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը` տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման ուղիները, կներկայացվի նաեւ ԵԽ անդամ երկրներում այս ոլորտում առկա դրական փորձը:

Համաժողովի  աշխատանքներին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան, Կոնգրեսի երկու` տեղական իշխանության եւ տարածաշրջանների պալատների նախագահներն ու անդամները, ինչպես նաեւ Հայաստանի  շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական փորձագետներ:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն քննարկումներ հետեւյալ` «Արդյոք այսօր տեղական ժողովրդավարությունը հնարավոր է առանց ուղիղ մասնակցության»,  «Մասնակցային մոդել. ուղիղ եւ ներկայացուցչական ժողովրդավարության միավորում», «Էլեկտրոնային ժողովրդավարություն. քաղաքացիական մասնակցության նոր ձեւեր» թեմաներով:

Թեմատիկ քննարկումների արդյունքները կամփոփվեն համաժողովի փակմանը` Հերվիգ վան Շտաայի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի կողմից:

Համաժողովը  բաց է լրագրողների համար:

Մինչ այդ, հունիսի 18-ին Երեւանում (Հայաստանի ազգային գրադարանի շենքում,  Տերյան 72 ) կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը: Բյուրոն Կոնգրեսի քաղաքական եւ գործադիր մարմինն է:

Ժամը 11:00-ին, նիստի ընդմիջմանը, տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաայի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի  մամուլի ասուլիսը:

Նշենք, որ Հերման վան Շտաան այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: