Կարճատեւ աշխատանքային այցով Երեւանում է գտնվում «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում» (PPRD East) ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ այցի հիմնական նպատակն է հանդիպել եւ ծանոթանալ Հայաստանում բնակչության պաշտպանության եւ աղետների կառավարման համակարգի մեջ ընդգրկված շահագրգիռ կողմերին, ներկայացնել ծրագրի 2013-14 թթ. աշխատանքային պլանը եւ քննարկել ծրագրի հետագա իրականացումը: ՀՀ ԱԻ նախարարությունում Ս. Անագնոստին հանդիպեց նախարարության` վերոնշյալ ծրագրի աշխատանքային ուղղություններում ընդգրկված ստորաբաժանումների ներկայացուցիչներին։
ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը, ողջունելով հյուրին, համառոտ ներկայացրեց «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում» (PPRD East) ծրագրի էությունն ու մինչ հիմա իրականացված աշխատանքները։
Սերգեյ Անագնոստին, շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` նշելով, որ 2010 թ. մեկ այլ ծրագրի շրջանակներում արդեն առիթ է ունեցել լինել Հայաստանում։ Հանգամանալից ներկայացնելով «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում» (PPRD East) ծրագրի ստեղծման նախապատմությունը, առաջիկա տարիների աշխատանքային պլանը եւ զարգացման հեռանկարները։
«Սա Եվրամիության կողմից այս տարածաշրջանում իրականացվող առաջին ծրագիրն է, որը հուսով ենք հաջող ընթացք եւ շարունակություն կունենա»,-ասաց նա:
2013-2014 թթ. ընթացքում նախատեսվում է ավարտին հասցնել աղետների ռիսկերի ազգային եւ տարածաշրջանային էլեկտրոնային ատլասների պատրաստումը։ Կկազմակերպվեն բազմաթիվ դասընթացներ ու վարժանքներ` արդյունաբերական վթարների ու բնական աղետների թեմաներով։ Կարեւորվում են նաեւ բնակչության իրազեկման խնդիրները։
Իր խոսքում պարոն Անագնոստին ընդգծեց նաեւ, որ Հայաստանը ծրագրին մասնակից 6 երկրների շարքում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) միակն է, որ ունի Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, իսկ դա զգալի առավելություն է մյուսների նկատմամբ եւ վկայում է այդ ոլորտի հանդեպ ցուցաբերվող ուշադրության մասին։




























