Հայաստանում դիտվում է բնակչության նվազում:  Այս մասին այսօր` հունիսի 17-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի  նախագահ Գեւորգ Պողոսյանը:

Ըստ նրա` արտագաղթ երեւույթը բնական է, այլ հարց է, թե ինչ ծավալներով է այն արտահայտվում այս կամ այն երկրում:  «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ճիշտ կլինի նկարագրել որպես բնակչության նվազում, որը ոչ միայն արտագաղթն է, այլեւ բնակչության կրճատումը: Հայտնի է, որ ըստ պաշտոնական տվյալների` 2012թ.  չորս ամիսների համեմատ՝  2013թ.  արտագաղթածների թիվն աճել է 10 հազարով», - նշել է Գեւորգ Պողոսյանը:

Ըստ մայիսի  15-20-ը  Երեւանում 1000 մարդկանց շրջանում անցկացված սոցհարցման արդյունքների` պատասխանողների 46%-ը պոտենցիալ արտագաղթողներ են, որոնք հնարավորության դեպքում կլքեն Հայաստանը:  «Դա մոտավորապես բնակչության կեսն է: Հատկանշական է, որ տղամարդկանց մոտ այդ ցուցանիշն ավելի բարձր է ( 50%), քան կանանց (42%): Երիտասարդների շրջանում  պոտենցիալ արտագաղթողները կազմում են 52%», - հայտնել է Գեւորգ Պողոսյանը: Նա նաեւ առանձնացրել է արտագաղթի հիմնական պատճառները. 32%-ի համար աշխատանքի բացակայությունն է,  30% -ի համար՝ հեռանկար չտեսնելը,  20% -ի համար` արդարության բացակայությունը,  17%-ի համար`  նորմալ կենսապայմանները:

Գեւորգ Պողոսյանը հավելել է, որ որոշակի կապ կա երջանկության եւ արտագաղթի միջեւ: «Երեւանում պատասխանողների 70%-ն իրենց երջանիկ են համարել, եւ զարմանալի է, որ այդ երջանիկ մարդկանց 41%-ը ցանկանում է հեռանալ Հայաստանից: Պարզվել է, որ ոչ հայրենասիրությունը, ոչ էլ երջանկությունը խոչընդոտ չեն  երկիրը լքելու համար», - ընդգծել է սոցիոլոգը՝ եզրակացնելով, որ մարդիկ գնում են երջանկություն գտնելու  եւ հայրենասիրությունը չկորցնելու համար: