Հունիսի 14 եւ 15-ին, Հայաստանի ԱԺ Երիտասարդական խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի անդամներ Հովիկ Եվրեյանը, Տիգրան Խաչիկյանը, Կարեն Ամիրյանը, Հովհաննես Թորոսյանը, Ավետիք Հարությունյանը այցելել են ԼՂՀ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 14-ին նրանց ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդիպման արդյունքում Արցախի խորհրդարանում Երիտասարդական խորհրդարանի ստեղծման գործընթացը դրվել է գործնական հիմքերի վրա եւ որոշվել Արցախում ԵԽ ստեղծման գաղափարն իրագործել մինչեւ այս տարվա սեպտեմբեր: Քննարկվել են նաեւ ԼՂՀ-ում Երիտասարդական խորհրդարանի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, որոնց կապակցությամբ պետաիրավական հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց նկատառումներն ու վերապահումները:

Միաժամանակ քննարկվել է նաեւ երիտասարդական երկու խորհրդարանների ներկայացուցիչների միջեւ համատեղ երիտասարդական գիտաժողով կազմակերպելու գաղափարը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավական ուղիներին եւ առկա խնդիրներին:

Հունիսի 15-ին ԵԽ պետաիրավական հանձնաժողովի անդամներին ընդունել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը: Քննարկվել են ԼՂՀ-ում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին, պետական մարմինների ֆինանսական գործունեության նկատմամբ ԼՂՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության իրավական հիմքերին եւ ոլորտի օրենսդրական կարգավորման հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: