Եթե Երեւանի քաղաքապետը մի քանի տարվա ընթացքում հարստանում է՝ ստանալով մի քանի հազար դրամ աշխատավարձ, դա նշանակում է, որ տեղի է ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում, գողություն, յուրացում, իսկ իրավապահ մարմինները չեն արձագանքում դրան; Այդ մասին այսօր՝ հունիսի 17-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: «Այդ մարդը իրապես մասնակցել է այդ բոլոր հանցագործություններին, եթե չմասնակցեր, չէր կարող ձեռք բերել այդպիսի քանակի հարստություն»,- ասաց Զ. Փաստանջյանը՝ նկատի ունենալով Երեւանում հողամասերի վաճառքների հետ կապված խնդիրները, որոնց մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության մեջ:

Մինչ այդ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հայտարարել էր, որ հողամասերի վաճառքի հետ կապված բոլոր որոշումներն ընդունել է Երեւանի ավագանին: Զ. Փոստանջյանի կարծիքով՝ Տ. Մարգարյանը պարտավոր էր դեմ քվեարկել ավագանու նախագծերին եւ հրաժարվեր կատարել դրանք, քանի որ այդ քայլերը հակասահմանադրական են եւ անօրինական:

Այնուամենայնիվ՝ Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ չի ցանկանում Տ. Մարգարյանին տեսնել Նուբարաշենի կալանավայրում: Սակայն պետք է շոշափելի պատժելիություն լինի, որպեսզի հասարակության գումարները մի քանի մարդիկ չյուրացնեն, այնինչ կարելի էր այդ գումարներով շենքեր կառուցել եւ տրամադրել երիտասարդ ընտանիքներին: