Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հաղորդել Թուրքիայի Հանրապետությունում սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի մասին: NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ հունիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:
Պարզվել է, որ ս.թ. հունիսի 14-ին Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երեւան - Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչից տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են: Ստացված տեղեկատվության համաձայն միկրոավտոբուսում եղել են 9 անձ, որոնց թվում եղել են ՀՀ քաղաքացիներ:
Միկրոավտոբուսի տուժածներից ՀՀ քաղաքացի Տիլա Պապիկյանը (ծնվ.1991 թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ս.թ. հունիսի 16-ին տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մնացած տուժածներին Թուրքիայի Հանրապետությունում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, եւ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում վթարի է ենթարկվել սիրիայերի տեղափոխող հայկական միկրոավտոբուս։ Ինչպես Թուրքիայից հայտնում են NEWS.am-ի աղբյուրները, հայկական համարանիշերով միկրոավտոբուսը բախվել է թուրքական մարդատար մեքենային։ Նշվում է, որ թուրքական մեքենան խախտել է երթեւեկության կանոնները եւ դուրս եկել հանդիպակաց ուղի։ Այս իրավիճակը տեսած հայկական միկրոավտոբուսի վարորդը բախումից խուսափելու համար ստիպված է եղել մեքենան ձախ կողմ տանել, սակայն թուրք վարորդը եւս մեքենան ձախ է տարել եւ մեքենաները բախվել են իրար։ Բախման հետեւանքով թուրքական մեքենայի մեջ գտնվող 2 մարդ մահացել է։ Կան վնասվածքներ ստացածներ, որոնց տեղափոխել են Կարսի հիվանդանոց։Մահացած թուրքերի բարեկամները փորձել են վնասել հայկական մեքենայի վարորդին, սակայն ոստիկանությունը ձերբակալել է վարորդին եւ նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Տեղի ունեցածի հետ կապված կատարվում է քննություն։



























