Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հունիսի 12-ին կալանավորվել է Հայաստանի ԱԻՆ ՓԾ Երեւանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 10 ջոկատի վարորդ Ս. Օհանյանը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ փրկարար ծառայության վարորդը, 2013թ. մայիսի 14-ին ոչ սթափ վիճակում վարելով իրեն ամրակցված ՀՀ ԱԻՆ ծառայողական «Իսուզու» մակնիշի, 339 VV 01 համարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթեւակության կանոնների խախտում, ինչի արդյունքում դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել Ռոբերտ Աբրահամյանի վարած «Ֆիատ» մակնիշի, 03 ԼՏ 096 համարանիշի ու Արթուր Մանուկյանի վարած «Օպել» մակնիշի, 34 PՍ 631 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից Ռ.Աբրահամյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:
Դատարանի որոշմամբ Ս. Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:




























