Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հունիսի 15-ին կազմակերպել եւ իրականացրել են «Մտքի գրոհ» ինտելեկտուալ խաղը:
Խաղի կազմակերպման նպատակն էր ստեղծել հավասար պայմաններ հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ երիտասարդների միջեւ, ստեղծել բարենպաստ պայմաններ հաշմանդամություն ունեցող երիտասարդների գիտելիքների դրսեւորման եւ զարգացման համար, ինչպես նաեւ հաստատել նոր շփումներ, ձեւավորել առողջ հոգեբանական մթնոլորտ հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ երիտասարդների միջեւ:
Խաղին մասնակցում էին 18-30 տարեկան հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ երիտասարդներ: Խաղը բաղկացած էր երեք փուլից, որն անցկացվում էր 2 թիմի միջեւ, որոնք պայմանականորեն կրում էին «Կարմիր» եւ «Կապույտ» անվանումները։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 10 մասնակից։
Երեք փուլերի ամփոփումից հետո հաղթող է ճանաչվել «Կապույտ» թիմը:
Բոլոր մասնակիցներին շնորհվել են վկայականներ, մրցանակներ եւ հուշանվերներ:
Խաղի ավարտից հետո Երեւանից ժամանած մասնակիցները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Գյումրու մարզային կենտրոնի կամավորների եւ խաղի գյումրեցի մասնակիցների հետ փոքրիկ էքսկուրսիա իրականացրին Գյումրու պատմամշակութային վայրերում, այցելել են Հ. Շիրազի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններ, եկեղեցի։




























