Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքում խախտումները ոչ թե առանձին դեպքեր կամ էպիզոդներ են, այլ ընդհանրական են, կրում են համակարգային բնույթ, ինչը նշանակում է, որ ուսումնասիրվող ոլորտները ամբողջովին աղտահարված են, հափշտակումներն ու չարաշահումները խրոնիկ բնույթ են կրում: Այս մասին այսօր` հունիսի 17-ին, ԱԺ արտահերթ նիստին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա շեշտեց, որ համատարած թալանի պատկերի վրա անընդունելի է իրավական մարմինների իներտ կամ անտարբեր արձագանքը, եւ Վերահսկիչ պալատի նախագահը իրենց խմբակցության հետ հաշվետության քննարկմանը խոստովանել է, որ երկու տարի է` հաշվետվություններն չի ուղարկում դատախազություն, քանի որ հիասթափված է այդ մարմնից: Պատգամավորը շեշտեց, որ Վերահսկիչ պալատի փաստերը քրեաիրավական շարունակություն չեն ստանում` հավելելով, որ ԱԺ-սահմանադրաիրավական ստատուսը, նրա լիազորությունները, բավարար են լիովին լուծել այս թնջուկը: «Որոշումը ԱԺ-ն է, հակառակ պարագայում մենք էլ ենք դառնում այս թալանի մասնակիցն ու պարտակողը»,-նշեց նա:

Իր ելույթոմ Գագիկ Ջհանգիրյանն ասաց նաեւ, որ Վերահսկիչ պալատը, թեեւ ՀՀ Սահմանադրությամբ անկախ պետական մարմին է, սակայն այն փաստացի ամբողջությամբ ձեւավորված է կառավարող կոալիցիայի կողմից։ ԱԺ-ը ՀՀ նախագահի առաջարկությամբ նշանակում է ոչ միայն Վերահսկիչ պալատի նախագահին, այլեւ հաստատում է նրա տարեկան գործունեության ծրագիրը։

«Վերահսկիչ պալատի ոլորտային ուսումնասիրությունների ու տարեկան հաշվետվությունների ամփոփագրերում տեղ գտած չարաշահումների փաստերը ու դրանց  տրված գնահատականները, որքան էլ մեղմ ու չափավոր լինեն, որոշակի վերապահումով կարելի է համարել որպես կառավարող ուժի արձանագրումներ»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը` շեշտելով, որ արձանագրված փաստերը ոչ միայն առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների մասին հաղորդումներ են, այլեւ մեղադրական ակտի ամբողջական հատվածներ:

«Ըստ արձանագրվածի՝ յուրաքանչյուր տարի 100 պետական պաշտոնյաներ ու չինովնիկներ, ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների տնօրեններ, ոլորտները սեփականաշնորհած ՍՊԸ-ներ ու կապալառուներ պետ բյուջեում փայ են մտնում հաճախ էլ՝ ես կասեի ձեռք են գցում ծախսերի հսկիչ փաթեթը կամ պակետը:Կոնկրետ օրինակներ ներկայացնելը անիմաստ եմ համարում, դրանք բազմաթիվ են, թե 2012թ հաշվետվությունում, թե ոլորտային ամփոփագրերում: Ամեն անգամ ԱԺ-ին մնում է զարմանալ ու զայրանալ, թե բյուջեի այդ ինքնակոչ համասեփականատերերը ինչքան են խժռել կամ պետական միջոցների հափշտակության նորարարական ինչ ձեւեր ու միջոցներ են հեղինակել: Դրանով էլ սովորաբար Վերահսկիչ պալատի հաշվետվությունների քննարկումներն ավարտվում են»,- ասաց ՀԱԿ պատգամավորը։

Նա նաեւ շեշտեց, որ «մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է. սկզբից հաստատում ենք նոր տարվա բյուջեն ու կառավարության ծրագիրը, հետո նախորդ տարվա բյուջեի կատարումը, այնուհետեւ միայն քննարկում ենք Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, կարծում եմ`սյսպես ավելի հանգիստ ու ապահով է»: