Վրաստանի նախկին վարչապետ եւ ՆԳ նախկին նախարար, այժմ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հացադուլ է հայտարարել: Պատճառն այն , որ նրա խցում հեռուստացույց չկա, հայտարարել է նրա փաստաբան Գեորգի Ճիվիաշվիլին:

«Մերաբիշվիլիի պահանջը նախատեսված է բանտարկության մասին օրենքով: Բացի այդ, մենք պահանջել ենք երաշխավորագիր կազմել, որը Մերաբիշվիլիի ընտանիքի անդամներին հնարավորություն կտա օգտվել նրա բանկային հաշիվներից, բայց այս պահին մենք ոչ դրական, ոչ բացասական պատասխան չենք ստացել»,-ասել է Ճիվիաշվիլին, հաղորդում է «Ինտերպրես Նյուզը»:

Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին եւ աշխատանքի նախկին նախարար Զուրաբ Չիաբերիշվիլին ձերբակալվել էին մայիսի 21-ին միջոցների յուրացման եւ ապօրինի աշխատատեղերի ստեղծման մեղադրանքներով: