«Արմավիա» ընկերության թռիչքային անձնակազմի անդամները այդպես էլ չեն ստացել դեռեւս ուրբաթ օրը իրենց ղեկավարության խոստացած աշխատավարձերը:
Օդաչու Տիգրան Ասլանյանը «Ֆաստինֆո»-ին հայտնել է, որ ընկերությունն իրեն աշխատավարձ է պարտք անցած տարվա օգոստոսից սկսած: Իսկ վերջին անգամ, 2012թ-ի հուլիսի աշխատավարձը օդաչուն ստացել է դեկտեմբերին:
«Թռիչքային անձնակազմը, որ մի 80 հոգի էին, դրանցից մի 50 հոգուն երեւի պարտք են, նույնիսկ այն աշխատողները, ովքեր 1-1,5 տարի առաջ թողել-գնացել են «Արմավիա»-ից, նրանց էլ են պարտք մնացել»,- տեղեկացրել է Տիգրան Ասլանյանը:
Հիշեցնենք, որ ընկերության աշխատակիցները պարբերաբար հավաքվում են Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Լիմիթեդ»-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը:
Հունիսի 14-ին, ընկերության տնօրեն Նորայր Բելույանը լրագրողներին հայտարարել էր, թե աշխատավարձերն աստիճանաբար մարվում են: «Ամեն օր աշխատավարձ տրվում է, մի օր քիչ, մի օր շատ, բայց բոլորին հերթականությամբ աշխատավարձերը տրվում են», - վստահեցրել էր տնօրենը, սակայն օդաչուն պնդել է, որ ինքը աշխատավարձ չի ստացել:
«Ոչ օդաչուները, ոչ ինժեներները, ոչ ուղեկցորդները դեռ չեն վճարվել: Օդաչուներին միլիոններ են պարտք»,- տեղեկացրել է Տիգրան Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ մտադիր են շարունակել պայքարը եւ վաղը դարձյալ կհավաքվեն «Արմավիայի» սեփականատիրոջ գրասենյակի մոտ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները, բորտուղեկցորդներն ու ավիաինժեներները հայտարարել են, որ ընկերությունն իրենց 7 ամսվա աշխատավարձը չի վճարել: Բացի այդ, նրան նշել են, որ 2011 թվականից սոցվճարներ չեն արվել իրենց անունով. պահումներն արվել են, աշխատավարձ ստացել են, բայց հիմա պարզվել է, որ 2011-ից մինչ 2012թ. նոյեմբեր ընկերությունը սոցվճարներ չի արել: Նշենք, որ «Արմավիա» ընկերությունը հայտարարել է սնանկության գործընթաց սկսելու մասին, սակայն ՀՀ օրենսդրությամբ՝ ընկերությունները միայն դատարանի կողմից կարող են սնանկ ճանաչվել:




























