Երեւանի Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` հունիսի 17-ին, Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կայացած դատական նիստին Վարդան Սեդրակյանը միջնորդել է փոխել իր խափանման միջոցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից: «Խնդրում եմ Ձեզ, հարգելի դատարան, փոխել իմ նկատմամբ խափանման միջոցը: Ես էլի կշարունակեմ դատավարությանը եւ չեմ խոչընդոտի»,- ասել է նա: Վերջինիս պաշտպանն էլ դատարանին ներկայացրեց քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության հավաստումը, որ Վարդան Սեդրակյանը հիվանդ է քրոնիկ հեպատիտով, ինչպես նաեւ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից տեղեկանք այն մասին, որ Վարդան Սեդրակյանը լյարդի խնդիրներ ունի: Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը կներկայացվի հաջորդ դատական նիստին: Մյուս երկու ամբաստանյալները ցուցմունք կտան նույնպես հաջորդ դատական նիստին՝ հունիսի 20-ին, 12:00-ին:
Գործով ապացույցների հրապարակումից պարզ դարձավ, որ փորձաքննության արդյունքում հնարավոր չի եղել որոշել կրակոցի վաղեմությունը, ինչպես նաեւ կրակոցների արձակման հերթականությունը: Դրանից բացի` Հայրիկյանի բաճկոնը վնասված էր միայն թեւի մասում: Ալեքսանդր Սիրունյանը, դիմելով դատախազին, ասաց. «Պարոն դատախազ, ինչու չներկայացրեցիք, որ դատական բժիշկը վերքերը չի տեսել»: Փաստաբանը նաեւ շեշտեց, որ Պարույր Հայրիկյանի դեմքի վրա զննության արդյունքում կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել:Դատախազն էլ ցույց տվեց ատրճանակը, ինչպես նաեւ Պարույր Հայրիկյանի արյունոտված հագուստը:
Հետաքրքիրն այն է, որ երբ դատախազը հարցեր էր ուղղում Վարդան Սեդրակյանին, վերջինս հայտարարեց, որ ինքը «հանրապետության 4-րդ նախագահն է լինելու»: Իսկ դատախազն էլ հետաքրքրվեց՝ արդյոք դա կարո՞ղ է համարել որպես նախազգուշացում:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Ավելի ուշ կալանավորվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:



























