Նար-Դոսի եւ Չարենցի փողոցների ասֆալտապատումը կավարտվի մեկ շաբաթից, զուգահեռաբար ընթանում են փողոցների գծանշման աշխատանքները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաեւ բակերի ու միջբակային ճանապարհների, գլխավոր եւ երկրորդական փողոցների հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման աշխատանքները: Ի թիվս այլ փողոցների, շարունակվում է նաեւ Նար-Դոսի եւ Չարենցի փողոցների շինբարեկարգման գործընթացը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝  կապալառու կազմակերպությանը հանձնարարվել է համատեղ աշխատանքի արդյունքում նշված երկու փողոցներում ասֆալտապատումն ավարտել առավել սեղմ ժամկետում: Մայրաքաղաքում այս տարի ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 2,5 միլիոն քմ ճանապարհ, ներառյալ 30 փողոցների հիմնանորոգումը: Զուգահեռաբար մայրաքաղաքում շարունակվում են նորոգված եւ հիմնանորոգված փողոցների գծանշման աշխատանքները:  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ ուշադրություն է դարձվում կրթական հաստատություններին հարակից փողոցների գծանշմանը: