Հայաստանի Հարապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 18-ին մի շարք որոշումներ կայացրեց այլ ապրանքների նմանակման դեպքերի հետ կապված:
Մասնավորապես՝ քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է «Քրաուն Քեմիքալ» ապրանքային նշանի պետական գրանցումը: Սակայն շուկայում հայտնվել են «Քրաուն Գոլդ» անվանումով քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից: Պարզվել է, որ «Քրաուն Քեմիքալ» ընկերության երկու նախկին աշխատակից հիմնադրել են նոր ընկերություն եւ, թույլ տալով անբարեխիղճ մրցակցության գործողություն, «Քրաուն Գոլդ» ապրանքային նշանով փորձում են մտնել շուկա:
Հանձնաժողով է դիմել նաեւ մսամթերքի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող «Բարի Սամարացի» ընկերությունը, տեղեկացնելով, որ հանդիպել է անբարեխիղճ մրցակցության: Խոսքը վերաբերում է «Էրզրում» ընկերության կողմից «Բարի Սամարացի նրբահամ եփած երշիկ» եւ «ECO PICANT ЕРЗРУМ ERZRUM ԷՐԶՐՈՒՄ» անվանումով երշիկների արտադրությանը: Նշենք, որ վերոնշյալ ապրանքային նշանները «Բարի Սամարացի» ընկերության կողմից գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում, ինչը նշանակում է, որ որեւէ այլ ընկերություն իրավունք չունի օգտագործել դրանք:
Հանձնաժողովին է դիմել նաեւ «Պռոշյանի կոնյակի գործարանը»՝ տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել եւ ստացել է 21 տեսակի հուշանվերային շշերի ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր: Սակայն շուկայում հայտնվել են նույն շշերով լցված կոնյակներ, որոնք իրացվում է «Բերդաձոր» ապրանքային նշանի ներքո: Ընկերությունը խնդրել է Հանձնաժողովին համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված ապրանքներն արտադրող եւ իրացնող տնտեսվարողին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն վարույթը հարուցելուց որոշ ժամանակ անց «Պռոշյանի կոնյակի գործարանը» Հանձնաժողով է ներկայացրել դիմում` հայտնելով, որ իր ապրանքային նշանը օգտագործած ընկերությունը ընդունում է իր մեղքը եւ պարտավորվել է վերացնել խախտումը, հետեւապես խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:
Այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը օրենքի խախտում է, քանի որ այն սպառողի մոտ կարող է առաջացնել շփոթություն իրական արտադրողի գործունեության կամ առաջարկվող ապրանքի նկատմամբ: Նկատի ունենալով, որ վերոնշյալ երեք դեպքում էլ օրենքի խախտում թույլ տված ընկերությունները ընդունել են իրենց մեղքը եւ պարտավորվել վերացնել խախտումը, բացի այդ շուկային եւ սպառողներին հասցված վնասի չափը մեծ չէ, Հանձնաժողովի որոշմամբ վերջինները ստացան խիստ նախազգուշացում՝ հետագայում խախտումները բացառելու հանձնարարականով:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ նման երեւույթները շատացել են, բազմաթիվ են դեպքերը, երբ տնտեսվարողները փորձում են Հանձնաժողովի օգնությամբ լուծել իրենց խնդիրները: Սակայն Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ նշանակելուց հետո որպես կանոն խախտող կողմը խնդրում է հաշտություն, իսկ դիմումատուն էլ իր հերթին խնդրում է կարճել վարույթը; Ա. Շաբոյանը նշեց, որ հաշտության առկայության դեպքում Հանձնաժողովը մեղմ է վերաբերում՝ բավարարվելով նախազգուշացմամբ, սակայն բոլոր դեպքերում՝ երեւույթին տալիս է իր գնահատականը:



























