Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր` հունիսի 18-ի առավոտյան, ներկայացրել է Նուբարաշեն վարչական շրջանի նոր ղեկավարին` ՀՀԿ-ական Արթուր Կիրակոսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց անձամբ Արթուր Կիրակոսյանը:
Նշենք, որ դեռ երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը պաշտոնանկ է արվել: Ոչ երեկ երեկոյան, ոչ այսօր առավոտյան Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը այս տեղեկությունը չհաստատեց: Երեկ նա մեզ հետ զրույցում նշեց, որ այդ պահի դրությամբ նման որոշում չկա, իսկ այսօր առավոտյան ասաց, որ երբ պաշտոնական տեղեկություն լինի, այդ մասին կհայտնի: Նկատենք, որ այդ պահին թերեւս Տարոն Մարգարյանը Նուբարաշենի վարչական շրջանում ներկայացնում էր նոր թաղապետին:
Արթուր Կիրակոսյանի հետ մեր զրույցի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Նշենք, որ «Ժամանակը» գրել էր, որ ԲՀԿ-ն երեկ զրկվեց վարչական վերջին լծակից. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնանկ է արել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանին եւ նրա փոխարեն նշանակել ՀՀԿ-ական Արթուր Կիրակոսյանին: «Վերջինս 2010-ից ՀՀԿ Նուբարաշենի արածքային կազմակերպության նախագահն է եւ ՀՀԿ խորհրդի անդամ։ 2005-ից մինչ օրս աշխատում է «Տրանս Ալյանս» մաքսային պահեստում` որպես երկաթգծի պատասխանատու: Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ Տ. Մարգարյանը որոշումը կայացրել է ավագանու նիստից հետո։ Թե ինչն է եղել նման որոշման կոնկրետ պատճառը, մեզ երեկ չհաջողվեց պարզել։ Ակնհայտ է թերեւս, որ որոշումը քաղաքական է»,- գրում է «Ժամանակը»:




























