Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ անձի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ ՊՆ N զորամասի ավագ սպա, կապիտան Կառլեն Միրզոյանը մեղադրվում է այն բանում, որ նա, 2013թ. մարտի 2-ին` ժամը 08:20-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Վերֆել փողոցի խաչմերուկում հետադարձ կատարելիս խախտելով «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները` նախապես չհամոզվելով հետադարձ կատարելու անվտանգության մեջ, ճանապարհը չի զիջել հանդիպակաց ուղղությամբ ընթացող «ԶԱԶ-Սենս» մակնիշի ավտոմեքենային, բախվել է վերջինիս, որի հետեւանքով «ԶԱԶ-Սենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող, ոստիկանության կրտսեր սերժանտ Անտոն Ավդալյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:




























