Սեւանի ավազանի փոքր ՀԷԿ-երում պետք է տեղադրվեն ձկներին հեռացնող համակարգեր: Ակս այս մասին հունիսի 18-ին լրագրողներին է հայտնել Հայաստանի նախագահին կից Սեւանա լճի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Նրա խոսքով` այն էլեկտրակայանները, որոնք նման կառուցվածքներ չեն ունենա, պետք է անմիջապես դադարեցնեն աշխատանքները: Սեւան թափվող 29 բնական աղբյուրներից 8-ի վրա ՀԷԿ-եր են կառուցվել: «Դրանք պետք է ապահովեն ձկների բարենպաստ եւ բարեհաջող տեղաշարժը: Մարտից մայիս եւ նոյեմբերից դեկտեմբեր նրանք պետք է ապահովեն ձկների բնականոն տեղաշարժը»,-ընդգծել է Մովսիսյանը: Զուգահեռաբար, հավելել է նա, կիրականացվի լճի հուների եւ դրանց մաքրության մոնիթորինգ:
Լճում ձկների պոպուլյացիան վերականգնելու համար անհարժեշտ է արգելել ապօրինի ձկնորսությունը: Ընդ որում, վերջինիս սոցիալական նշանակությունը պետք չէ գերագնահատել: «Գեղարքունիքի մարզում բնակվում է ավելի քան 200 հազար բնակիչ: Լճում ձուկ է որսում եւ վաճառում 1704 մարդ: Նրանք պետք է չափավոր գտնվեն եւ հասկանալ, որ ձկների պոպուլյացիան մենք վերականգնում ենք հենց իրենց համար: 3 տարի անց նրանք կկարողանան 10-15 անգամ ավելի ձուկ որսալ: Հենց այսքան ժամկետով ենք նախատեսում արգելել ձկան ադյունաբերական որսը: Սակայն մի մոռացեք, որ մեր հանձնաժողովի դերը խորհրդակցային է, ապօրինի ձկնորսության դեմ պետք է պայքարի «Սեւան» ազգային պարկը»,-ասել է Մովսիսյանը:
Վերջին 7 տարիների ընթացքում, ընդգծել է նա, լիճ է բաց թողնվել 1,8 մլն մանրաձուկ` 425 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Փորձ է արվում վերականգնել գեղարքունի եւ ամառային բախտախ ձկնատեսակները:



























