Անհրաժեշտ է Հայաստանում զարգացնել փոքր ավիացիան: Նման կարծիք է արտահայտել Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթակոմիտեի անդամ Լեւոն Ղազարյանը` հունիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ղազարյանի համոզմամբ` հենց փոքր ավիացիայի` այսպես կոչված «օդային տաքսիների», զարգացում կօգնի նվազեցնել տոմսերի գները եւ հարմար կլինի ուղեւորների համար: Օրինակ, նկատել է Ղազարյանը, եթե ուղեւորը ցանկանում է Սոչիից Ստեփանավան հասնել, ապա Երեւանով թռչելը նրա համար լրացուցիչ խնդիրներ կառաջացնի: Համապատասխանաբար, փոքր ավիացիայի զարգացման համար անհրաժեշտ է վերականգնել արդեն եղած օդանավակայանները եւ կառուցել նորերը:
Սակայն նման մոտեցումն իր «հակացուցումներն» ունի: Ինչպես արդարացիորեն նկատել է Լեւոն Ղազարյանը, դա կհանգեցնի «Զվարթնոց» օդանավակայանում գների աճին, քանի որ ուղեւորների կրճատման արդյունքում օդանավակայանը կփորձի դա փոխհատուցել գների բարձրացմամբ:



























