Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում լուրջ խախտումներ են բացահայտվել՝ պետական աջակցությամբ մատչելի գներով դիզելային վառելանյութի եւ ազոտական պարարտանյութի բաշխման գործընթացում: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։
«Առավել շատ խախտումներ մեր տեսչությունը հայտնաբերել է Արարատի մարզում: Բացահայտված դեպքերը արտառոց են, մենք ստուգել ենք 20-27 համայնք»-ասաց նա՝ հավելելով, որ ցուցակներում գրանցված են եղել մարդիկ, որոնց անհրաժեշտ չի եղել դիզվառելիք կամ պարարտանյութ։ Ղարիբյանի խոսքով ՝յուրաքանչյուր մարզում պետությանը հասցվել է 83 մլն դրամի վնաս։
Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչության պետը տեղեկացրեց, որ այս շաբաթվա ընթացքում հայտնաբերված խախտումների մասին փաթեթը կուղարկվի Հատուկ քննչական ծառայություն:
Հարցին, թե Մխչյան գյուղում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կամ նրա հարազատները նույնպես օգտվել են այդ դիզվառելիքից, Սոնա Ղարիբյանը պատասխանեց, որ Մխչյան գյուղում 70 հազար լիտրից ավել դիզվառելիք բաժանվել է 15 անձի, մասնավորապես, 35 հազար լիտր դիզվառելիք գրանցված է եղել Հովհաննես Աբրահամյանի մասով:
Ինչ վերաբերում է մարզպետների առնչությանն այս խախտումներին, Ղարիբյանը նշել է, որ այդ ցուցակները կազմում են մարզպետները՝ համայնքապետերի միջոցով եւ այդ ամենը տեղի է ունեցել մարզպետների իմացությամբ:



























