Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արթուր Կիրակոսյանին եւ շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Հովհաննիսյանին՝  համատեղ աշխատանքի համար: 

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը եւ ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ եւ սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաեւ, որ վարչական շրջանի նոր ղեկավարը ծանոթ է նուբարաշենցիների խնդիրներին, աչքի է ընկել ակտիվ հասարակական գործունեությամբ,  եւ պահպանելով տարիների ընթացքում ձեւավորված թիմային աշխատանքի ավանդույթները, նոր մոտեցումներով եւ կազմակերպչական ունակություններով կնպաստի Նուբարաշեն վարչական շրջանի եւ, առհասարակ, քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:

«Քաղաքապետարանը միշտ աջակից է լինելու եւ առկա խնդիրների լուծման գործում պետք է համատեղենք մեր ուժերը. շարունակենք բոլոր նախանշված ծրագրերը համայնքային տնտեսության ոլորտներում եւ մեր աշխատանքով պետք է կարողանանք բարեկարգ ու հարմարավետ միջավայր ստեղծել մեր բնակիչների համար»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովմանն ու  բնակչությանը հուզող  հարցերին` քաղաքապետը մեկ անգամ եւս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են եւ նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:

Նշենք, որ «Ժամանակը» գրել էր, որ ԲՀԿ-ն երեկ զրկվեց վարչական վերջին լծակից. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնանկ է արել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանին եւ նրա փոխարեն նշանակել ՀՀԿ-ական Արթուր Կիրակոսյանին: «Վերջինս 2010-ից ՀՀԿ Նուբարաշենի արածքային կազմակերպության նախագահն է եւ ՀՀԿ խորհրդի անդամ։ 2005-ից մինչ օրս աշխատում է «Տրանս Ալյանս» մաքսային պահեստում` որպես երկաթգծի պատասխանատու: Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ Տ. Մարգարյանը որոշումը կայացրել է ավագանու նիստից հետո։ Թե ինչն է եղել նման որոշման կոնկրետ պատճառը, մեզ երեկ չհաջողվեց պարզել։ Ակնհայտ է թերեւս, որ որոշումը քաղաքական է»,- գրում է «Ժամանակը»: