«Եկեք կանխենք գազի սակագնի բարձրացումը»  նախաձեռնության ներկայացուցիչները պատրաստվում են գազի սակագնի սահմանման գործընթացը դատական վիճարկման ներկայացնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում «Եկեք կանխենք գազի սակագնի բարձրացումը»  նախաձեռնության անդամներից Արամ Գրիգորյանը՝ հավելելով, որ գազի նոր սակագնի որոշման հուլիսի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո իրենք հաջորդ օրը հայցը կներկայացնեն դատարան։

Նա նշեց, որ գազի սակագնի սահմանման ժամանակ կատարվել են որոշակի օրենքների որոշակի խախտումներ, որոնք հիմք են հանդիսանում դատական գործընթաց սկսելու համար։ Միեւնույն ժամանակ, նա հույսեր չի կապում Հայաստանում դատական համակարգի հետ, բայց նաեւ ցանկանում է խնդրի լուծումը լինի Հայաստանի դատական ատյաններում, թեեւ չի բացառվում միջազգային ատյաններ դիմելը։

Մյուս քայլը, որը պատրաստվում է անել նախաձեռնությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից թափանցիկություն պահանջելն է։ Արամ Գրիգորյանը շեշտեց, որ հանձնաժողովի գործառույթները իրազեկված չեն, օրինակ՝ հանձնաժողովը  ունի շահերի հավասարակշռման գործառույթ, այդ ամբիոնը ստեղծված է այդ հարաբերությոնները ձեւավորելու համար, բայց  հանձնաժողովը այդ ճանապարհով չի գնում, հանրությունը մասնակցություն չի ունենում գազի սակագնի քննարկմանը, «եթե հանձնաժողովում կա վարույթ, հանձնաժողովը առանց սպառողների եւ ընկերությունների համատեղ մասնակցությամբ չի կարող այդ վարույթով քննարկումներ իրականացնել»։ Նա շեշտեց նաեւ, որ այստեղ քաղաքական բաղադրիչը կա, ասում են, թե գազը թանկացել է, բայց որեւէ հիմնավորում չեն ներկայացնում։

Ասուլիսի մյուս բանախոսը՝  նախաձեռնության անդամներից Անի Կաղինյանը նշեց, որ խնդիրը խորքային է, ամեն անգամ ընտրությունից հետո կուսակցությունները, ընդդիմությունը խաբում են  ժողովրդին, ներկա պահին հանրությունը գտնվում է շոկային վիճակում, նրան տնից դուրս հանելը շատ դժվար է, թեւե երբ արդեն տանեն եւ բարձրացված սակագնով վճարում կատարեն, ապա կակտիվանան։