2013 թ-ին առաջին  հինգ ամիսներին Հայաստանում գրանցվել է երեխաների դեմ սեռական շահագործման 23 դեպք, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 12 դեպք: Այս  մասին այսօր` հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ոստիկանության ՔՀԳՎ երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանը:

Խոսելով այդ ոլորտում աճի տեմպերի մասին, նա ասաց, որ դժվար է այն կապել կոնկրետ նախապայմանի հետ: «Դրանք ունենում են տարբեր պատճառներ: Դրանցից են ծնողների կողմից անչափահասների նկատամբ  հսկողության, դաստիարակության բացակայությունը,  ծնողների կողմից ցուցաբերված անհետեւողականությունը, նաեւ ինտերնետը»,- ասաց Արթուր Վարդանյանը՝ հավելելով, որ ցուցանիշի աճը պայմանավորված է նաեւ նրանով, որ հասարակությունն ավելի շատ է վստահում ոստիկանությանը եւ դիմում են իրավապահներին: Եթե նախկինում ամոթի եւ ազգային մենթալիտետից ելնելով չեն դիմել, ապա այսօր դիմում են եւ այդ դեպքերին ընթացք է տրվում: