Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը պետք է արբիտրի դեր ստանձնի ՀՀ Վերահսկիչ պալատի եւ կառավարության միջեւ: Այդ մասին այսօր՝ հունիսի 18-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ արտահերթ ելույթ ունենալով Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության վերաբերյալ:
Նրա խոսքով՝ միայն ուժեղ իշխանությունը կարող է խոսել բացթողումների եւ չարաշահոմների մասին: «Որոշ քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ վատ են տանում, որ խոսում ենք մեր բացթողումների եւ սխալների մասին; Ես զարմանում եմ, թե ինչու ե՞ն զարմանում, մենք որեւէ նախարարի կամ մարզպետի հետ պայմանավորվածություն չունենք, որ պաշտոնի նշանակվելուց հետո կարող են չարաշահումներ անել»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման մոդելը պետք է փոխվի, քանի որ շատերի կարծիքով՝ հաշվետվություններում առկա են անհամապատասխանություններ, իրականում թալաններ, խախտումներ, չարաշահումներ չկան:
Մասնավորապես՝ Հ. Աբրահամյանը նշեց, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունները համապատասխան հանձնաժողովներում պետք է քննարկվեն գործադիր իշխանության համապատասխան կառույցների եւ Գլխավոր դատախազության մասնակցությամբ;
«Ճիշտ է, որ ԱԺ-ն չի հաստատում հաշվետվությունը, այլ ի գիտություն է ընդունում, հակառակ դեպքում կխախտի անկախությունը եւ Վերահսկիչ պալատին կվերածի դիտորդի: Սակայն անընդունելի է, որ Վերահսկիչ պալատը ներկայացնի փաստեր, եւ ԱԺ-ն լռի: Առաջարկում են այս հաշվետվությունն ուղարկենք դատախազություն եւ առաջարկենք, որ այդ գործընթացների մասին պարբերաբար տեղեկացնի ԱԺ-ին, կառավարությանը, Վերահսկիչ պալատին»,- ասաց Հ. Աբրահամյանը:



























