Հայաստանի վերահսկիչ պալատի կողմից Երեւանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ խեղաթյուրված մեկնաբանություններ են տրվել, մասնավորապես հողերի աճուրդների «չարաշահումների» վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:

Հաղորդագրությունում ասվում է.

«1. Հաշվետվությունում նշվել է, որ աճուրդները իրականացվել են փակ, ինչն էլ դարձել է քննարկման առարկա նաեւ ԱԺ-ում:

ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը եւ արձանագրողը»: Այսինքն, Երեւանի քաղաքապետարանը ուղղակիորեն կատարել է օրենքի պահանջը, եւ այս պարագայում զարմանք է առաջացնում ՀՀ ԱԺ-ում եւ մամուլում հնչեցված տարաբնույթ մեկնաբանությունները:

2. Հաշվետվությունում նշվել է, որ Երեւան քաղաքի  ավագանին հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանելու լիազորությունը փոխանցել է Երեւանի քաղաքապետին, իսկ վերջինս էլ համապատասխան հանձնաժողովին, որն էլ մամուլում որակվել է որպես «օրենքից դուրս տեղի ունեցող աճուրդներ»: Մինչդեռ Երեւան քաղաքի ավագանին ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն.

1) Հաստատել է հողերի օտարման տարեկան ծրագիրը՝ ըստ յուրաքանչյուր հողամասի չափի, գտնվելու վայրի, նպատակային եւ գործառնական նշանակության  ծածկագրերի.

2) Որոշել է հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային (նվազագույն) գները

Երեւանի քաղաքապետը՝ հիմք ընդունելով Երեւան քաղաքի ավագանու նշված որոշումը, յուրաքանչյուր հողամասի մասով հայտարարել է աճուրդով վաճառքի մեկնարկային գինը եւ օրենսդրությամբ նախատեսված աճուրդային պայմանները: Նշվածի հիման վրա հանձնաժողովը կազմակերպել է աճուրդի անցկացումը (քանի որ Երեւանի քաղաքապետը իր գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի միջոցով), որոնց արդյունքները ներկայացվել է Երեւանի քաղաքապետի հաստատմանը, իսկ տարեկան արդյունքները՝ ավագանու հաստատմանը:

Ինչ վերաբերվում է հողերի աճուրդով օտարման գներին, ապա համաձայն նույն հաշվետվության 2012 թվականին հողերը օտարվել են կադաստրային արժեքից շուրջ 2.5 անգամ ավել գնով ինչը շուրջ 5 անգամ ավել է ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նվազագույն գնից:

Շարադրվածից ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ-ում եւ մամուլում Երեւանի քաղաքապետարանի կողմից անցկացվող հողային աճուրդների վերաբերյալ հարցերի տեսքով բարձրացված մեղադրանքները եւ արվող հայտարարությունները անհիմն են եւ գործնականում հետապնդում են բոլորովին այլ նպատակներ»: