Օլիգարխներին ձեռք է տալիս օրենքի դաշտում աշխատելով կիսով չափ շահույթ ստանալ, քան թե բարձր շահույթներով ռիսկի տակ ապրել, համոզված չլինելով, որ վաղը չեն ձերբակալվի: Այդ մասին այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ատկատների եւ չարաշահումների համակարգը համակարգված է եւ վերահսկվում է, դրանց միջոցով ղեկավարում են եւ ապահովում վերահսկելի դաշտ:
«Այս համակարգը թույլ չի տալիս որեւէ մարդու ազատ ու խելոք աշխատել»,- հայտարարեց Ա. Մանուկյանը, մատնանշելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը կառուցող իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությանը, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես բարեխիղճ կառուցապատող, իսկ Հայաստանում բազմաթիվ խախտումներով է իրականացնում շինարարությունը:
Ըստ Ա. Մանուկյանի՝ ՀՆԱ-ի 50%-ը 30 ընտանիքի ձեռքում է, իսկ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է վտանգավոր 44% մակարդակին; «Սա այն եզրն է, որ որեւէ երկիր կարող է որդեգրել մեզ»,- ասաց Ա. Մանուկյանը: Նրա տեղեկացմամբ՝ արտագաղթողներն սկսել են իրենց հետ տանել գործիքներն ու սարքավորումները՝ գրիլի ապարատներ, ադիբուդի պատրաստող սարքեր եւ այլն:



























