Արտաշատի շրջանի Այգեպատ գյուղի բնակիչներից` 44-ամյա Հ. Փ-ն. օրեր առաջ հանդում ծիրանաքաղի ժամանակ ծակոց է զգացել սրտի շրջանում, տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը:
Քանի որ վիճակը լուրջ էր, ինֆարկտ չէր, բայց դրա նախանշաններ էին, ուստի նրան տեղափոխել են Երեւան` հետազոտման: Գյուղապետն ասաց, այժմ նա գյուղում է, բուժումներ է ստանում, պետք է հետազոտվի մանրազնին, որից հետո հնարավոր է նաեւ զոնդավորում արվի:
Ինչ վերաբերում է նրա առողջականի վատացումը ծիրանի մթերման խնդիրների հետ կապելուն, գյուղապետն ասաց, որ ամեն օր այդ գների մասին խոսակցություն է լինում, ասում են` այսօր կգանք գինը կիջեցնենք, վաղը կիջեցնենք, «մարդիկ էլ առել են, փշի-փշի են արել, ծախս են արել, սպասում են, որ վաճառեն, մի երկու կոպեկ փող առնեն, իրենց ընտանիքի հոգսը հոգան, բոլորն էլ սթրեսներ ունենում են»:
Գյուղապետը արդեն այցելել է նրան, զրուցել են, ասել է` «առանց իմ թույլտվության ինչի ես վատացել»:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի մի շարք գյուղերի 1000-ից ավելի բնակիչներ այսօր` հունիսի 18-ին, բողոքի ակցիա են կազմակերպել եւ սպառնում են խնդրին լուծում չտալու դեպքում գալ եւ Կառավարության շենքի առջեւ իրենց բողոքը արտահայտել: Այգեզարդի գյուղապետ Արթուր Մանուկյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ բնակիչները դժգոհում էին ծիրանի մթերման գներից: Եթե նախկինում արկղը 5 հազար դրամով են տարել, ապա այսօր գինը իջեցրել են 4 հազարի, ինչն էլ առաջացրել է բնակիչների դժգոհությունը:
Բնակիչների հետ հանդիպելու է եկել Արարատի փոխմարզպետը եւ այլ պաշտոնյաներ: Գյուղացիները նույնիսկ փակել էին ճանապարհը, բայց այս պահին բողոքի ակցիան ժամանակավորապես դադարեցվել է, որոշում է կայացվել, որ վաղը «Սպայկա» ընկերությունը կգնա եւ 5 հազար դրամով ծիրանը կմթերի:



























