Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման հարցում երկար տարիների ընթացքում առաջին անգամ հուսադրող նշաններ են ի հայտ եկել, Քուվեյթի լրատվական ԿՈՒՆԱ գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հարցազրույցը զետեղված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում: Ըստ Լավրովի՝ այստեղ, անշուշտ, կարեւոր դեր են ունեցել «վեցյակի» առաջարկած փուլայնության եւ փոխադարձության սկզբունքները, որոնք Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման, հետագայում նաեւ՝ վերացման հեռանկար ունեն: Իրանն այս փուլում պատրաստ է համաձայնության գալ ուրանի մինչեւ 20 % հարստացումը դադարեցնելու հարցում:
«Դա կարող է իրոք բեկումնային համաձայնություն դառնալ... Բնականաբար, այն «վեցյակի» կողմից ծանրակշիռ պատասխան քայլեր է ակնկալում»,- նշել է Լավրովը:
Ըստ նրա՝ չափազանց կարեւոր է, որ կողմերը զերծ մնան անմտածված քայլերից: Հարկավոր է խուսափել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներով հետագա ճնշումներ գործադրելուց:
«Կարծում ենք, որ այս պարագայում բանակցային գործընթացում ձեռքբերված դինամիկայի նվազումն անթույլատրելի է: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ որոշել «վեցյակի» եւ Իրանի հաջորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը»,- հայտարարել է Լավրովը:




























